ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վահրամ Բայադյան. ԼՏՊ-ի պաշտոնավարումով մեկնարկեց ՀՀ-ի տնտեսական ու ժողովրդագրական պոտենցիալի ավերման գործընթացը

Վահրամ Բայադյան. ԼՏՊ-ի պաշտոնավարումով մեկնարկեց ՀՀ-ի տնտեսական ու ժողովրդագրական պոտենցիալի ավերման գործընթացը
01.05.2022 | 11:33

«Դուրս են եկել երկիրը փրկելու նրանցից, ովքեր չորս տարի առաջ դուրս էին եկել երկիրը փրկելու իրենցից։ Հայկական պարադոքս» (Գագիկ Նիկողոսյան)։


Սկզբում ցանկություն առաջացավ կարճ մեկնաբանություն գրել Գ. Նիկողոսյանի այս ամփոփիչ ձևակերպմանը, բայց պարզ էր, որ այդ կերպ ասելիքը հաղորդելը դժվար կլիներ։ Այդ պատճառով ընտրեցի առանձին տեքստային տարբերակը՝ ձգտելով այստեղ նույնպես հնարավորինս համառոտ լինել։


Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞րն է պարադոքսի գաղտնիքը։ Առողջ դատողությունը հուշում է, որ եթե նախորդներն այնքան վատն էին, որ սրանք կարողացան մարդկանց դուրս բերել փողոց և հասնել իշխանափոխության, ապա հակառակը տեղի ունենալ չի կարող։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ նրանք, ում հեռացրել էին իշխանությունից, այսօր հավակնում են վերաիշխանափոխության։ Եվ ինչու՞ հենց նրանք են նախաձեռնել այդ գործընթացը։
Իրականում ավելորդ է հարցնել, թե այսօր հիմնավո՞ր է արդյոք իշխանությունների հրաժարականի պահանջը։ Սրանք երկիրը մտցրել են համակարգային ճգնաժամի մեջ։ Ձախողել են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները։ Դրանք թվարկելն ու հիմնավորելու փորձերն անգամ ավելորդ են։ Մեկ բան պարզ է՝ այս իշխանության գործունեության արդյունքում երկրին ու ազգին պատուհասած փորձանքները որևէ տեղ չեն թողնում մտածելու, որ սրանց հետ կարելի է շարունակել։ Դա բերելու է նորանոր, ավելի ու ավելի ծանր կորուստների։ Այսինքն, որ պետք է ազատվել այս իշխանություններից, հասկանալի է լիովին։


Իսկ ի՞նչ կերպ գնահատել «հավաքական նախկիններին», որոնցից ազատվելու համար ժողովուրդը համախմբվել էր ներկաների շուրջ։ Նախ փորձենք հասկանալ «նախկիններին»։ «Նախկիններ» ասելով՝ ներկա իշխանությունները հասկացել են Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի իշխանավարման տարիները։ Երբևէ ներկաները բովանդակային առումով չեն քննադատել ԼՏՊ-ին և նրա վարած քաղաքականությունը, չհաշված առանձին դեպքերը, որոնք հաջորդել են ԼՏՊ-ի՝ այս իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությանը։ Ճիշտ կլինի դա ընկալել որպես ծրագրային աշխատանք և ոչ թե իրական հակադրություն։ ՈՒրեմն ինչու՞ չեն հակադրվում այսօրվա իշխանությունները ԼՏՊ-ին։ Բազմիցս նշվել է, որ Ն․Փաշինյանը ԼՏՊ-ի հոգեզավակն է։ Այդ պնդումը հազիվ թե որևէ մեկի մոտ կասկածի տեղիք տա։ Ես չեմ փորձում այն ապացուցել, այլ ընդունում եմ որպես իրողություն։ Այսինքն, իրենց գործունեության բովանդակային մասով սրանք կատարում են նույն գործը՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր դերում, իր միջոցներով։


ԼՏՊ-ի պաշտոնավարումով մեկնարկեց ՀՀ-ի տնտեսական ու ժողովրդագրական պոտենցիալի ավերման գործընթացը։ Ստեղծված հումանիտար աղետալի վիճակը կոչված էր կոտրելու ժողովրդի ոգին։ Հետխորհրդային երկրներից ոչ մեկը, անգամ ամենաթույլերը, չանցան այն ճանապարհը, որը բաժին հասավ մեր ժողովրդին։ Եվ պատերազմն այդ պատճառներից առաջինը չէր։ Ի վերջո, հենց հաղթած պատերազմի ենթադրվող քաղաքական արդյունքները զրոյացնելու փորձին ժողովրդի և ռազմաքաղաքական էլիտայի հակադրությունը պատճառ դարձավ ԼՏՊ-ի հրաժարականի։ Մինչև վերջին իշխանափոխությունը մենք հարկադրված ենք եղել մեզ հետ քարշ տալ Արցախի կարգավիճակի ու ընդհանրապես Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների չկարգավորվածության ականը։ Սա բացառապես ԼՏՊ-ի ծառայությունն է հայ ազգին։


Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, մեր կարծիքով, ԼՏՊ-ի հրաժարականին հաջորդած առաջին ռևանշի փորձն էին։ Այն, մեծ հաշվով, կարելի է կայացած համարել, որովհետև դրա նախաձեռնողներին հաջողվեց քաղաքական արենայից հեռացնել երկրի զարգացման նոր կուրսի հավակնող ղեկավարությանը՝ ի դեմս Կ․Դեմիրճյանի ( չնայած, իշխանափոխություն չկայացավ)։ Երկրորդ այդպիսի փորձը մարտիմեկյան իրադարձություններն էին։ Այն, ինչ չհաջողվեց այդ փորձերի ժամանակ, իրականացվեց 2018 թվականին։ Չպետք է կասկածել, որ սրանք միևնույն մտքով, միևնույն ձեռքով մտածված և իրականացված ծրագրի առանձին դրվագներ են։ Այո, մենք շարունակաբար գտնվել ենք ուշադրության կենտրոնում, մեզ վրա և մեզ հետ անընդհատ աշխատել են հաշվենկատորեն և հետևողականորեն։ 2018-ին հաջողությամբ իրականացված իշխանափոխությունից հետո այդ ծրագրերը մտան իրենց բովանդակային փուլ։ Սանձազերծված պատերազմն իր աղետալիությամբ ու կորստաբերությամբ դեռևս չի ավարտվել։

«Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսությունն այդ ծրագրի ավարտական էտապն է։ Այլ, ավելի խորքային պատճառներին անդրադարձից խուսափելով, կարող ենք ասել, որ մենք ոչ միայն շրջապատված ենք ոխերիմ թշնամիներով, այլև մեծ աշխարհաքաղաքական հակադրության հանգուցային օղակ ենք, որտեղ հավաքական Արևմուտքի և մեր թշնամի հարևանների շահերը համընկնում են։ Մեկ անգամ արդեն իմ ՖԲ էջում ձևակերպել եմ այս միտքը՝ կրկնեմ։ Բրիտանական նավերը երբեք չեն բարձրանա մեր լեռները, բայց նրանց պատմական երազանքն է լողալ ռուսական ջրերում։ Իսկ այդ ճանապարհին մեր լեռներն են, որը նրանք փորձում են հաղթահարել թուրք-ադրբեջանական հետևակի միջոցով։ Այսինքն, այս իշխանությունների հեռացումը պետք է, որպեսզի չմտնենք անվերականգնելի, անդառնալի կորուստների հանգրվան։


Սա` այն մասին, թե ինչու են փողոց դուրս գալիս նրանք, ում հեռացնելու համար դուրս եկան սրանք։ Պետք է հասկանալ նաև, որ համախմբվելու, ժողովրդին հրապարակ դուրս բերելու համար ոչ քիչ նյութական, մարդկային միջոցներ են անհրաժեշտ։ Իսկ նախկիններն այն շերտերն են, որոնք տիրապետում են մարդկային, նյութական, մեդիայի որոշակի ռեսուրսների, որոնք և կարող են օգտագործել դրված նպատակներին հասնելու համար։ Այլ հարց է, թե ովքեր, հասարակության ինչ շերտեր կարող են միանալ նրանց, կամ նրանք կարո՞ղ են իրենց կողմ գրավել։ Խոսքը ոչ միայն քաղաքացիներին է վերաբերում, այլև քաղաքական, հասարակական նոր միավորներին, որոնց ներգրավումը կարող է փոխել շարժման դեմքը, գաղափարական նորություն մտցնել հեռանկարի ուրվագծերում։


Այժմ փորձենք հասկանալ, թե ի՞նչն էր պատճառը, որ չորս տարի առաջ ժողովուրդը հավատաց սրանց և դուրս եկավ փողոց։ Եթե ենթադրում եք, թե այդ իշխանափոխությունն իրականացվեց «դատարկ ուսապարկերով», ապա դա պարզապես միամտություն է։ Այսինքն, այդ գործընթացները նույնպես պահանջում էին անհրաժեշտ, և ոչ փոքր, նյութական միջոցներ, որոնք անհապաղ, եթե ոչ առաջանցիկ տեմպերով ներդրվում էին։ Պահանջում էին քաղտեխնոլոգիական, կազմակերպական ռեսուրսներ, որոնք հնարավոր էին դարձնում համախմբել մարդկանց և ուղղորդել տարաբնույթ ակցիաների։ Ես անհիմն չեմ համարում այն ենթադրությունը, որ այդ ողջ գործընթացի ընթացքում, սկզբից մինչև վերջ, շատ որոշակի ճնշում է գործադրվել այն ժամանակվա իշխանությունների վրա։ Ընդհուպ մինչև ուլտիմատում։ Այսինքն, թե՛ այն ժամանակվա ընդդիմության (այսինքն, այսօրվա իշխանության), թե՛ այն ժամանակվա իշխանության գործողությունները համակարգվել են մեկ կենտրոնից։ Մի դեպքում՝ օժանդակության ու կառավարման, մյուս դեպքում՝ կաշկանդման և հարկադրման ճանապարհով։


Մենք պետք է տեսնենք նաև այն պատճառները, որոնք հնարավոր դարձրին մարդկանց դուրս բերել նախկինների դեմ։ Խորհրդային Միության փլուզումը համընկավ աշխարհի գլոբալացման գործընթացներին, և կապիտալիստական աշխարհն արդեն նախապատրաստվել էր անկախացած հանրապետությունների թալանին։ ԼՏՊ-ի կողմից իրականացվածը այդ ծրագրային առաջադրանքների կատարումն էր, որը նրան հաջողվեց գերազանց։ Այդ ընթացքում պետություններին պարտադրվեցին այնպիսի միջազգային համաձայնագրեր ու պարտավորություններ, որոնք հնարավորություն էին տալիս երկրի ողջ ունեցվածքը դուրս տանել, ավերել արտադրական կարողությունները, զրկել այդ իշխանությանը տնտեսություն վարելու հնարավորությունից, թողնել դատարկ գանձարանով, փլուզել կրթություն, գիտություն, մշակույթ ունենալու և պահելու բոլոր հիմքերը, առևտրայնացնել առողջապահությունն ու սոցիալական ոլորտը, տնտեսական, ֆինանսական ծրագրային քաղաքականությամբ ունեզրկել հասարակությանը, սպանել փոքր և միջին բիզնեսը, գյուղոլորտը, ձևավորել օլիգարխիկ համակարգ, դատաիրավական համակարգը լիակատար կախվածության մեջ դնել փողից ու իշխանությունից։ Այո, այս ամենը կատարվել է մեզ հետ, կատարվել է նախկինների իշխանավարման տարիներին, քանի որ այդ պրոցեսներն իրենց ամբողջական դրսևորումներն ստացել են հենց այդ ընթացքում։

Ռ․ Քոչարյանի իշխանավարության ժամանակ վերջնականապես սեփականաշնորհվեցին ռազմավարական նշանակության օբյեկտներն ու ճյուղերը, ձևավորվեց օլիգարխիան, որպես ժողովրդի հարստահարման գործուն մեխանիզմ ունեցանք, այսպես ասած, կայուն բանկային համակարգ։ Ս․ Սարգսյանի իշխանավարման տարիներին ծայրահեղ ձևեր ստացան մարդկանց ունեզրկման գործընթացները։ Կոռուպցիան, անպատժելիությունը դարձան իշխանության ու նրա թևի տակ աճած օլիգարխիայի մենաշնորհը։ Նոր թափ առավ ԼՏՊ-ի ժամանակներից սկսված արտագաղթը, երկիրը կանգնեց ծայրահեղ ժողովրդագրական վիճակի առաջ, հայտնվեց արտաքին պետական պարտքի բեռի տակ։ Գլոբալացման, «Կայուն զարգացման», Սորոսի հիմնադրամի, դեմոկրատական արժեքների, սպառողականության ողջ ատրիբուտները ներդրված էին մեր պետական կառավարման համակարգում և հասարակության մեջ։ Երկրում ստեղծված այդ վիճակն էր պատճառը, որ դրսի ուժերը լավագույնս օգտագործեցին իշխանափոխության պատրվակով ժողովրդին փողոց դուրս բերելու համար։


ՈՒ՞մ էր պետք այդ իշխանափոխությունը։ Առաջին հերթին՝ մեզ, հասարակ ժողովրդին, քանի որ այդ կարծրացած համակարգում զարգացման ոչ մի ծիլ աճել չէր կարող։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ այդ գործընթացը նախաձեռնվեց և կառավարվեց դրսից։ Ըստ էության, նրանց ձեռք չէին տալիս երկրորդ և երրորդ նախագահները, քանի որ հիմնական տենդենցներից դուրս ինչ-որ բան ձեռնարկել այդ ժամանակ նրանց չէր հաջողվում։ Իսկ ինչու՞ չէր հաջողվում այն ժամանակ, և ինչպե՞ս դա հնարավոր դարձավ իշխանափոխությունից հետո։ Արդո՞ք դա չի նշանակում, որ այս իշխանությունների և նախկինների միջև կա մի մեծ և էական տարբերություն։ Եվ այդ տարբերությունը ներկա իշխանության օգտին չէ։
Ի՞նչ կատարվեց իշխանափոխությունից հետո։ Երկրի սնանկացմանը, ազգային ունեցվածքի թալանին, ժողովրդի ունեզրկմանն ու բարոյալքմանն ուղղված բոլոր գործընթացները ոչ միայն կանգ չառան, այլև ընթացան հիմնական պլանին համաձայն, նորանոր, ավելի ծանր ձևերով ու դրսևորումներով։ Այս իշխանությունների ծառայամտության հաշվին հնարավոր դարձավ գործի դնել թուրք-ադրբեջանական հետևակը, ինչը պատճառ դարձավ հազարավոր երիտասարդ կյանքերի կորստյան, տասնյակ հազարավորների վիրավորման, հարյուրավորների գերեվարման ու անհետացման, տասնյակ հազարավորների հայրենազրկման, Արցախի ու Հայաստանի օկուպացման և այլն։ Այսինքն, կարելի է ավելի վատը, շատ ավելի վատը լինել, քան նախկիններն են։


ՈՒստի ենթադրել, որ առանց փողոցի հնարավոր է ազատվել այս իշխանությունից, իրական չէ, այն ինքնակամ չի թողնի ղեկը։ Ինչպես ասում են՝ սեպը սեպով են հանում։

Դիտվել է՝ 13023

Մեկնաբանություններ